ԲՈՐՍԱՅԻ ՄԱՍԻՆ - ՀԱՄԱՌՈՏ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Կ Ա Ր Գ

Երևանի  «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսայում ապրանքների, հումքի, ծառայությունների, իրավունքի և այլ արժեքների սակարկությունների  կազմակերպման

 

Սույն կարգը մշակված է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի», «Ապրանքային բորսաների մասին» ՀՀ օրենքի, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և  այլ օրենսդրական ակտերի հիման վրա` «բորսա-շուկա»  համակարգի համար:

Երևանի «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսայում (հետագայում` Բորսա) ապրանքների,  հումքի, իրավունքի, ծառայությունների և այլ արժեքների սակարկությունների կազմակերպման կարգը (հետագայում` Կարգ) ապահովում  է Բորսայի գործունեության իրավական երաշխիքները և նպաստում է ՀՀ տարածքում կազմակերպված ապրանքային շուկայի  ձևավորմանն  ու կանոնակարգմանը:

1.Ընդհանուր  դրույթներ

1.1 Սույն Կարգի դրույթներին համապատասխան Բորսան ստանձնում է  սակարկությունների (աճուրդների) կազմակերպումը և իրականացումը, որտեղ ՀՀ գործող օրենսդրությամբ չարգելված գործառնությունների շրջանակում,  որպես գնորդներ և վաճառողներ հանդես են գալիս  հետևյալ անձիք` բորսայի անդամները, նաև բրոքերային ձեռնարկությունները, բրոքերային գրասենյակները, անկախ բրոքերները (հետագայում` Բրոքերներ), ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական  այլ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձիք (հետագայում` հաճախորդներ): Միաժամանակ Բորսան կարող է տրամադրել իր հարթակը, այդ թվում` աշխատակազմը, տեխնիկական և այլ անհրաժեշտ միջոցները` այլ անձանց կողմից ՀՀ գործող օրենսդրությամբ չարգելված գործառնությունների սահմաններում սակարկություններ (աճուրդներ) իրականացնելու համար:

1.2 Բորսայի այն անդամները, որոնք չեն հանդիսանում Բորսայում գրանցված  Բրոքերներ, բորսային առևտրին մասնակցում են Բորսայի թույլտվությամբ:

1.3 Բորսան իր սակարկություններն անց է կացնում ապահովելով բոլոր մասնակիցների հավասար իրավունքները: Անկախ սակարկություններում գնորդների և (կամ) գործարքների առկայությունից,   իրականացված  բոլոր աճուրդները համարվում են կայացած, բացառությամբ` Աճուրդի նախագահի կողմից տեխնիկական կան այլ պատճառներով  հետաձգված աճուրդների:

1.4 Սակարկությունների իրականացման համար Բորսան ընտրում է ձևը, պարբերականությունը, օրերն ու ժամերը, որոնք կարող են փոփոխվել Բորսայի որոշմամբ կամ  Վաճառողի  համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում:

1.5 Բորսայում  վաճառքի ներկայացված գույքը լոտերի տեսքով ընդգրկվում են լոտացուցակներ, որի կազզման ձևը,  տեղեկատվության ծավալը և լոտերի վերաբերյալ այլ առանձնահատկությունների գրառման տարբերակները սահմանվում են Բորսայի կողմից: Յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը լոտացուցակները փակցվում են համապատասխան վահանակների վրա, Բորսայի դահլիճից դուրս տարածքում և նախատեսվում են  հաճախորդներին համապատասխան տեղեկատվություն տրամադրելու համար: Յուրաքանչյուր կայանալիք աճուրդի համար կազմվում են հերթական լոտացուցակները  փոփոխություններով, որոնք վավերացվում են Բորսայի կառավարչի կողմից: Բացի թղթային լոտացուցակներից, Բորսայի համակարգչային ցանցում ամրագրվում են նաև լոտացուցակների էլեկտրոնային տարբերակները:

1.6 Առևտրի մասնակիցների փոխադարձ հաշիվները կարգավորելու, վճարումները տուգանքի չափով ապահովագրելու, ինչպես նաև տրվող գրավները ժամանակավոր պահելու և հաշվանցումները կատարելու նպատակով, Բորսան ստեղծել է ապրանքաուղղեկցորդ համակարգ (հետագայում` Հաշվարկային Պալատ), որի գործառնությունների մի մասը, փոխադարձ համաձայնությամբ, կարող է կատարել Բորսայի հետ համագործակցող բանկերից մեկը կամ այլ կազմակերպություն:

1.7 Սակարկությունները պատշաճ իրականացնելու նպատակով Բորսայում գործում են անհրաժեշտ ստորաբաժանումներ և կազմակերպվում է համապատասխան ծառայությունների մատուցումը:

1.8 Բորսայի համար սակարկություններում ապրանքների ներկայացման հիմք է հանդիսանում վաճառողի հետ կնքված  Բրոքերների կամ  Բորսայի Պայմանագիրը, իսկ հարթակ տրամադրելու դեպքում` համապատասխան պայմանագիրը :        

1.9 Սակարկությունների ընթացքում  լոտերը կարող են մասնատվել  աճուրդավարի կողմից, եթե դրա վերաբերյալ վաճառողի կողմից չեն ներկայացվել սահմանափակումներ: Նույն վաճառողին պատկանող լոտերը կարող են վաճառվել մեկ կամ մի քանի համալիրով, եթե պայմանագրում չի գրանցվել առարկության Վաճառողի կողմից:

2.  Սակարկությունների մասնակիցները

2.1 Բացի 1.1 կետում նշված հաճախորդներից` Նախարարությունները, գերատեսչությունները, Կենտրոնական բանկը, ինչպես նաև  ՀՀ  կառավարման և իրավապահ մարմինները, կամ դատարանների կողմից գույքի իրացման նպատակով ստեղծված հանձնաժողովները  (հետագայում` Դիլերներ) նույնպես կարող են մասնակցել սակարկություններին ինչպես անմիջականորեն, այնպես էլ Բրոքերների  միջոցով:

2.2 Բրոքերները սակարկություններին մասնակցում են իրենց իրավասությունների սահմանում, հիմնականում որպես միջնորդներ վաճառողների ու գնորդների միջև:

Բրոքերները կարող են գնել և վաճառել.

- պատվիրատուի անունից և վերջինիս հաշվին

- պատվիրատուի անունից և իր հաշվին

- իր անունից և պատվիրատուի հաշվին

- սեփական կարիքների համար` իր անունից և իր հաշվին:  

 Բրոքերն իրավունք ունի սակարկությունների ընթացքում լինել և վաճառող, և գնորդ միաժամանակ:

2.3 Հաճախորդները իրենց պատկանող ապրանքը (իրավունքը) կարող են ներկայացնել աճուրդային վաճառքի  բորսային միջնորդների միջոցով կամ անմիջականորեն և կարող են գնել լոտացուցակում ընդգրկված ցանկացած ապրանքներ  (իրավունք)  նույն կարգավիճակով:Այն դեպքերում, երբ վաճառողը և գնորդը որոշակի ապրանքի առուվաճառքի վերաբերյալ ձեռք բերված նախնական երկկողմանի փոխհամաձայնությամբ ներկայանում են Բորսա և վերջինիս հարթակում առկա չեն նմանատիպ ապրանքի առավել շահավետ պայմաններով գնման պայմանագիր կամ առաջարկ, Բորսան կարող է կատարել գործարքի բորսային ձևակերպում` կողմերի նշված պայմաններով:

2.4 Վաճառող սուբյեկտները համարվում են թափանցիկ բորսային առևտրի համար և այդ իսկ պատճառով առաջարկվում է Բրոքերներին  և  աշխատակազմին նրանց տվյալները գրանցել «Հանձնարարության պայմանագրերում» կամ Պայմանագրերում:

Բորսան չի պահանջում գնորդներից իրենց տվյալները և բորսային գործարքի գրանցման ժամանակ կարող է  լրացվել  միայն վերջիններիս վահանակի համարանիշները: Գնորդների տվյալները Բորսայի կողմից տրվող փաստաթղթերում լրացվում են միայն վաճառողի կամ գնորդի  պահանջով, որը պետք է նշված լինի պայմանագրում` վաճառողի համար և  կարող է լինել բանավոր` գնորդի համար:

2.5 Բոլոր սակարակություններին, մասնակիցների հետ մեկտեղ, կարող են ներկա գտնվել և կատարել իրենց ծառայողական պարտականությունները հետևյալ անձիք.

-Դիլերների, հաճախորդների փորձագետները,

-Բորսայի աշխատակիցները, այլ սպասարկող անձնակազմը

-Բորսայի կողմից թույլատվություն ստացած այլ անձիք

Հաշվի առնելով Բորսայի կանոնադրական կառուցվածքը (բորսա-շուկա)` դահլիճում կարող են գտնվել և անկախ  դիտորդներ:

2.6 Սակարկությունների բոլոր մասնակիցների, ինչպես նաև փորձագետների ու անկախ դիտորդների համար ընդհանուր բնույթի ապրանքա-հումքային աճուրդներում մուտքի վճար չի սահմանվում, բացառությամբ Բորսայի կողմից ընդունված  համապատասխան որոշման դեպքերի:

3.  Վաճառքի ձևերը

3.1 Սակարկություններում (աճուրդներում)  Գույքը վաճառվում է.

3.1.1 Հրապարակային բաց աճուրդում, հետևյալ եղանակներով`

-դասական

-հոլանդական

-գրատախտակային

-ֆիքսինգ

3.1.2 Հրապարակային փակ աճուրդում`

-տենդերի միջոցով, ծածկանունով ծրարների օգտագործմամբ

3.1.3 «Քերբի» միջոցով

3.1.4 Հրապարակային բաց և փակ համազարկային աճուրդում - ֆյուչերային պայմանագրերի տեսքով, առաջարկությունների և պահանջարկի համընկման միջոցով:

3.1.5 ՀՀ գործող օրենսդրությամբ չարգելված գործառնությունների սահմաններում Վաճառողների  հետ կնքած պայմանագրում նշված այլ վաճառքի ձևով:

3.1.6 Վաճառողը կարող է Բորսայի համաձայնության դեպքում, պատվիրել նաև աճուրդ սահմանափակ քանակով մասնակիցների համար, իր կողմից որոշված բնութագրով   (ձեռնարկության աշխատակիցներ, համապատասխան լիցենզիա ունեցողներ և այլն):

3.1.7 Սակարկությունները, վաճառողների ցանկությամբ, կարող են իրականացվել Բորսայի կողմից նաև արտագնա կարգավիճակում: 

3.1.8 Բացի 3.1.2 կետում նշված ձևից, վերը նշված մնացած աճուրդները կարող են կայանալ և հեռակա ձևով` ճշտելով հաճախորդների գնային պայմանները աճուրդների ժամանակ, հեռախոսակապի կամ էլեկտրոնային կապի միջոցով :

3.2 Աճուրդները դասական եղանակով կատարվում են գնի հաջորդական բարձրացումով, հոլանդական` գնի իջեցումով, գրատախտակային` լոտերի համադրման միջոցով հանդիպակաց առաջարկների հերթական բավարարումով:

Սակարկուրթյունների անցկացման ընթացիկ ձևերը որոշում է Բորսան, ելնելով պահանջարկից, եթե այդ մասին չկա հատուկ պայմանավորվածություն Վաճառողի հետ:

3.3 «Ֆիքսինգի» եղանակով կայացվող աճուրդի սխեման  բերված է առանձին`  կցվող հավելվածով:

3.4 Հրապարակային բաց աճուրդներում գնորդները մրցակցում են, նշելով  գինը, որը նրանք կվճարեին լոտի համար (կամ ծավալը, որը իրենք պատրաստ են գնել նշված գնով):

3.5 Փակ աճուրդում (տենդեր) գնորդները մրցակցում են առաջարկելով մինչև աճուրդը իրենց գները փակ ծրարներում ծածկանունով կամ հայտերի տեսքով մուտքագրելով համակարգիչ: Ծրարները, կամ համակարգչային տեղեկատվությունը բացվում է աճուրդի ժամանակ , հայտարարված ժամին:

Բացի ծածկանուններից, պարտված մասնակիցների իրական անվանումները չեն հնչեցվում Բորսայի կողմից, եթե չկա համապատասխան համաձայնություն  մասնակիցների կողմից:

3.6 Քերբի դեպքում` աճուրդի հիմնական ժամանակը սպառելուց հետո, գնորդներին բորսային դահլիճում տրվում է հնարավորություն, մինչև հաջորդ աճուրդի կայացման օրը կնքել գործարքներ հետևյալ գնային պայմաններով.

ա/ եթե վերջին կայացած աճուրդում գրանցվել են գործարքներ տվյալ ապրանքի չափածրարներից, ապա գործարքներով ֆիքսված առավելագույն գնով և բարձր;

բ/ եթե վերջին կայացած աճուրդում չի գրանցվել գործարք տվյալ ապրանքատեսակից, ապա այդ նույն օրվա մեկնարկային գնով  և  բարձր:

3.7 Ֆյուչերսային պայմանագրի կնքումը կատարվում է գնորդների և վաճառողների կողմից առաջարկվող պայմանների համընկման միջոցով` այդ պայմանները փոփոխելու իրավունքով (բաց աճուրդ), կամ չփոփոխելով (փակ աճուրդ): Ֆյուչերսային գործարքների կատարման սխեմաները բերվում են «Ֆյուչերսային շուկաներում մասնակցելու բորսային առևտրի պայմաններ» փաստաթղթում  (կցվում է):

 3.8 Աճուրդավարը կարող է վարել աճուրդը  առաջարկված առանձին լոտերի կամ ցուցակի հերթականությամբ: Սակարկվող լոտի գնային քայլը որոշվում է աճուրդավարի կողմից և կարող է փոփոխվել աճուրդի ընթացքում:

3.9 Եթե վաճառողի հետ կնքած պայմանագրում հոլանդական եղանակով աճուրդի վերաբերյալ բերված չի գնի իջեցման ժամանակացույցը և/կամ հատման գինը, ապա բրոքերի կամ Բորսայի կողմից կարող է առաջին և հերթական հոլանդական աճուրդի ժամանակ նշանակվել նվազագույն (հատման) գին` անկախ մեկնարկային գնի մեծությունից: Այդ գները տրվում են աճուրդավարին ձեռքով լրացված վիճակում, անմիջապես աճուրդից առաջ: Հաջորդ աճուրդի համար նախորդ աճուրդի հատման գները կարող են գրառվել հաջորդ աճուրդի լոտացուցակում և համարվել մեկնարկային:

3.9.1 Երկրորդ և ցանկացած հերթական աճուրդներում նշանակվող նոր հատման գինը կարող է իջեցվել կամ չփոփոխվել: Առանձին դեպքերում հատման գինը կարող է և բարձրացվել` ելնելով  վաճառողի պահանջից:

3.9.2 Եթե հոլանդական աճուրդի ժամանակ որևէ գնային կետում հայտնվում են մեկից ավելի գնորդներ, ապա այդ պահից աճուրդավարը անցնում է տվյալ լոտի դասական աճուրդով սակարկմանը`  վերջին հայտարարված գնի բարձրացմամբ:

3.9.3 Եթե հոլանդական աճուրդի ընթացքում մինչև հատման գինը ներառյալ չի հայտնվում գնման առաջարկ,ապա այդ լոտը աճուրդավարը հանում է տվյալ աճուրդից:

4.Մասնակիցների գործողությունները

4.1  3.1.1 ենթակետով բերված դասական և հոլանդական եղանակով  կայացվող բաց աճուրդների համար Բորսան, հերթական սակարկություններից առաջ, կազմում է լոտացուցակներ, որտեղ ներկայացվում են լոտերի համառոտ նկարագրություններն ու նրանց մեկնարկային գները: Լոտացուցակները տրվում են  ցանկացող մասնակիցներին աճուրդային դահլիճում, աճուրդի սկզբից առնվազն մեկ ժամ առաջ, իսկ նշված մեկ ժամվա ընթացքում ներկայացված վաճառքի հայտերը սակարկվում են լրացուցիչ լոտացուցակով, կամ բանավոր: Միաժամանակ նախնական պայմաններով (այդ թվում` նախնական մեկնարկային գնով, քանակով և այլ պայմաններով) վաճառքի ներկայացված ապրանքներն արտացոլվում են ինֆորմացիոն լոտացուցակում և ընդգրկվում են հիմնական կամ լրացուցիչ լոտացուցակներ` դրանց աճուրդային վաճառքի վերաբերյալ վաճառողների կողմից վերջնական պայմանները ներկայացնելուց հետո: Այլ տիպի գործառնություննրեի համար  լոտացուցակ  կազմելը չի պարտադրվում:

4.2 Վաճառողները կարող են ոչ ստանդարտացված ու տեղաշարժելի նմուշները  (կամ ապրանքի լուսանկարները) տեղափոխել (ներկայացնել) աճուրդի անցկացման վայրը աճուրդից մեկ ժամ առաջ և պարտավորվում են ետ վերցնել նմուշները աճուրդից անմիջապես հետո կամ Բորսայի հետ փոխհամձայնեցված այլ ժամկետում: Նմուշների պահպանման պատասխանատվությունը կրում են վաճառողները, եթե այլ բան չի նախատեսված Պայմանագրում կամ չի հանձնվել ի պահ Բորսային:

4.3 Վաճառողներին իրավունք է վերապահվում (անկախ պայմանագրի պայմաններից) աճուրդի ընթացքում բանավոր ձևով ամբողջությամբ կամ մասամբ հանել վաճառքի առարկան վաճառքից, մինչև աճուրդավարի հնչեցնելը` աճուրդից հետո համախատասխան գրառում կատարելու պայմանով: Սակարկության ընթացքում (վաճառողի ինքնուրույն հնչեցման պայմաններում) վաճառողը կարող է փոփոխել և ծավալը և (կամ) գինը միաժամանակ:

4.4 Լոտացուցակում նշված վաճառքի առարկաների սեփականության իրավունքները կարող են, մինչև աճուրդի սկսվելը, ամբողջությամբ վերազիջվել ցանկացողին, նրա և սեփականատիրոջ միջև երկկողմանի համաձայնության դեպքում:

4.4.1 Սեփականատիրոջ իրավունքների վերազիջման ընթացակարգը  հետևյալն է.

Աճուրդից առաջ գնման հավակնորդները լրացնում են «Սեփականատիրոջ իրավունքների վերազիջում`ձևը, ուր նշվում են վաճառողի ծածկանունը և նրա բոլոր ներկայացրած լոտերի համարները, ինչպես նաև գնորդի ծածկանունը և մեկնարկային գներով բոլոր լոտերի գնելու իր համաձայնությունը (ստորագրությամբ): Նշված ձևը աճուրդից առաջ հանձնվում է  աճուրդի նախագահին:

Բորսան հավակնորդի ներկայությամբ ստուգում է ձևի լրացման ճշտությունն ու նշում է նրա ստացման ժամն ու րոպեն:

Աճուրդավարը սկսում է աճուրդը սեփականատիրական իրավունքների վերազիջման մասին հայտարարությամբ: Համաձայնության դեպքում վաճառողը բարձրացնում է վահանակը և սեփականության իրավունքները փոխանցվում են այն հավակնորդին, որը ճշտությամբ լրացրել է ձևը և առաջինը հանձնել այն Աճուրդի նախագահին:

Վերազիջման հայտարարություններից անմիջապես հետո սկսվում է աճուրդը, այդ թվում նաև նոր սեփականատերերի լոտերով: Անկախ աճուրդի արդյունքներից, առաջին սեփականատերը ստանում է երկրորդ սեփականատիրոջից իր բոլոր ներկայացրած արժեքների գումարը` հաշվարկված մեկնարկային գներով: Առաջին և երկրորդ սեփականատերերի, ինչպես նաև վերջնական գնորդի միջև գնումների ձևակերպումները կատարվում են անմիջապես աճուրդի ավարտից հետո:

5. Սակարկությունների ժամանակ  գնային և (կամ) ծավալային կտրուկ փոփոխումների կանխումը (կարգավորումը) Բորսայի միջնորդությամբ

5.1 Բորսան իրավասու է որոշ կամ բոլոր լոտերի վերաբերյալ մինչև սակարկությունների սկիզբը սահմանել քվոտաներ գնորդների և վաճառողների համար, ինչպես նաև «սպրեդ» (գնանշման տատանման թույլատրելի չափանիշ) շուկան հավասարակշռությունից հանելու փորձերը կանխելու նպատակով: Սպրեդի սահմանային գներից դուրս ընկած հայտերը չեն բավարարվում, իսկ եթե նշված երևույթը կրում է զանգվածաին բնույթ, ապա դադարեցվում են սակարկությունները այդ լոտերի նկատմամբ և վաճառքի առարկաների «փակման» գնանշումը սահմանվում է նոր գնով, որը կազմված է նախորդ գնանշման գնից գումարած (կամ հանած) սպրեդի տատանման չափանիշը:

6. Ֆինանսական հարաբերությունները

6.1 Սակարկությունների ավարտից անմիջապես հետո մասնակիցները պարտավորվում են ձևակերպել կնքված գործարքները, վճարելով  բորսային միջնորդավճար, բացառությամբ դեպքերի, երբ այդ վճարումը Բորսայի համաձայնությամբ կարող է իրականացվել ավելի ուշ  ժամանակահատվաճում: Բորսայի որոշմամբ,  մինչև միջնորդավճարի գանձումը, գնորդին կարող են տրամադրվել գործարքի գրանցման հետ կապված  փաստաթղթերը, բացառությամբ` դրամարկղի մուտքի անդորրագրի:

6.2 Գնորդները պարտավորեն սակարկություններից հետո T աշխատանքային օրվա ընթացքում (ֆիզիկական շուկայում) մուտքագրել գործարքների լրիվ չափով  գումարները Բորսայի և (կամ) վաճառողների կողմից ներկայացված հաշիվների վրա կամ վերջիններիս դրամարկղ:

6.3 Առանձին, ֆորս-մաժորային կամ այլ դեպքերում, Բորսան կարող է հետաձգել առանձին կամ բոլոր գործարքների ձևակերպումը` այդ մասին տեղյակ պահելով աճուրդի մասնակիցներին:

6.4 Բորսային միջնորդավճարի, ինչպես նաև Բրոքերների վարձավճարի չափերը գրանցվում են Պայմանագրերում և հիմնականում` մտցվում են լոտերի մեկնարկային գների մեջ:

6.5 Բորսան տրամադրում է իր հաշվապահական ու դրամարկղային ծառայությունները գրավային միջոցները ընդունելու, պահպանելու և տուգանային սանկցիաներ (դրանց առկայության դեպքում) կիրառելու նպատակով:

6.6 Բրոքերների դրամական միջնորդավճարները և պարգևատրումները կարգավորվում են իրենց պատվիրատուների կողմից: Հաճախորդների համար առավել պարզ վճարման եղանակ ապահովելու նպատակով, Բրոքերների և Բորսայի փոխհամաձայնությամբ, վերջինս կարող է գանձել ընդհանուր միջնորդավճարը (այդ թվում Բրոքերների վարձավճարը, որն ընդունվում է ի պահ):

6.7 Բորսայի կողմից ընդունված գնորդների գրավները կամ նախավճարները  (այդ թվում գործարքի լրիվ գումարի չափով գրավները կամ նախավճարները) համարվում են գնորդի սեփականություն և տրվում են վաճառողին (հանած Բորսային միջնորդավճարը) ապրանքը գնորդին բաց թողնելուց հետո:

Առանձին դեպքերում, գնորդի գրավոր խնդրանքով,  գործարքը կարող է համարվել չեղյալ և վերջինիս կողմից վճարված գրավը, նախավճարը կամ միջնորդավճարը  կարող են ետ վերադարձվել գնորդին, եթե ապրանքը չի համապատասխանում հայտարարված որակին կամ քանակին, կամ առաջացել են դժվարություններ ապրանքը ստանալու, տեղափոխելու և այլ հարցերում:

Գնորդի կողմից գործարքային արժեքի վճարումը ամբողջությամբ կարող է կատարվել Վաճառողի հաշվին ուղղակի` միայն Բորսայի համաձայնությամբ:

Վաճառողի հասանելիք գումարները կարող են մինչև ապրանքի ստանալը փոխանցվել Բորսայի կողմից Վաճառողի հաշվին միայն գնորդի համաձայնությամբ:

7. Գովազդային միջոցները

7.1 Բորսայում և վերջինիս միջոցով վաճառքի ներկայացված լոտերը  զետեղվում են  Բորսայի պաշտոնական վեբ կայքում:   Միաժամանակ լոտացուցակները կարող են ազատ տարածվել բրոքերների կամ այլ անձանց միջոցով և Բորսայի կողմից վաճառվել կամ տրամադրվել ցանկացողներին: Բորսան չի բացառում նաև բաժանորդագրությունը իր լոտացուցակներին:

7.2 Բորսան կարող է ծավալել իր մոտ ներկայացված առանձին ապրանքների գովազդը մամուլի, հեռուստատեսության և այլ միջոցներով:

Բորսային լոտացուցակի բոլոր ապրանքների գովազդման անհնարինության և աննպատակահարմարության հետևանքով, Բորսան պարբերաբար կարող է գովազդել  աճուրդների կայացման օրերն ու ժամերը, վաճառվող լոտերի ընդհանուր բնութագրերը և այլ տեղեկատվություն:

8. Գաղտնապահական տեղեկատվության մասին

8.1 Վաճառողներին, դիլերներին, Բրոքերներին Բորսայի կողմից կարող են տրվել ծածկանուններ (կոդեր), որոնք առանձնահատուկ են յուրաքանչյուրի համար և օգտագործվում են Բորսայի գործառնական  փաստաթղթերում:

Բորսայի նշանակած ծածկագիրը (կոդը) հայտնի է միայն տիրոջը, Հաշվարկային Պալատին և Բորսային:

Աճուրդային գործառնությունների մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են հայտերի կամ Պայմանագրերի հիման վրա:

Աճուրդի անցկացման ժամանակ, առանց Բորսայի թույլտվության, արգելվում են նկարահանումները և ձայնագրումները Բորսայում:

8.2 Բորսայի աշխատակազմը, աճուրդի մասնակիցները պարտավոր են չտարածել միմյանց վերաբերող վերոհիշյալ գաղտնապահական տեղեկատվությունը, բացառությամբ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

8.3 Աճուրդի մասնակիցների մասին գաղտնապահական այլ տվյալներ կարող են սահմանվել Բորսայի կողմից:

8.4 Բորսայի և Հաշվարկային Պալատի գործունեությունը սույն փաստաթղթի սահմաններում կարող է ստուգվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Բորսային առևտրի մասնակիցներին բորսայի նախորդ սակարկությունների արդյունքների մասին տեղեկացնելու կարգը

9.1 Բորսայի լոտացուցակների հետ մեկտեղ, հերթական աճուրդում վաճառված լոտերի ցանկը, որը ընդգրկում է ապրանքի անվանումը, քանակը և գործարքային գինը, փակցվում է տեղեկատվության համար նախատեսված համապատասխան գրատաղտակի վրա:

9.2 Անհրաժեշտության դեպքում Բորսան կարող է կիրառել իրազեկման այլ հնարավոր տարբերակ:

10. Բորսայի առևտրի ժամանակ կարգապահությունը ապահովելու միջոցառումները և դրանց իրականացման կարգը

10.1 Բորսային առևտրի ժամանակ կարգապահությունը ապահովվում է Բորսայի սեփական ուժերով, իսկ անհրաժեշտության դեպքում` համապատասխան  ծառայության աշխատակիցների միջոցով:

11. Կողմերի պարտավորությունները և պատասխանատվությունները

11.1 Բորսան կարող է իր հաշվին ապահովել աճուրդն անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը և դրանց լրացնելու մասին խորհրդատվության տրամադրումը:

11.2 Բորսան կարող է ներկայացնել տվյալներ կայացած աճուրդի ցուցանիշների մասին օպերատիվ հաշվետվության տեսքով:

11.3 Վաճառվող առարկաների կամ նմուշների տեղափոխումը պահառուի պահեստ կամ աճուրդի անցկացման վայրը և հետ, կատարում է վաճառողը` իր հաշվին, եթե չկա այլ փոխհամաձայնություն վերջինիս և Բորսայի միջև:

11.4 Բրոքերները, ինչպես նաև Բորսայի աշխատակազմը կարող են չպահանջել վաճառողներից փաստաթղթեր` ներկայացված ապրանքի ծագման աղբյուրի վերաբերյալ և հիմնվում են միայն վաճառող իրավաբանական կամ ֆիզիկական անձի իսկությունը հավաստող փաստաթղթերի և կնքված պայմանագրի վրա, եթե  օտարման գործարքը հետագայում ենթակա չէ պետական գրանցման:

Բրոքերները, ինչպես նաև Բորսայի աշխատակազմը` Պայմանագրերի առարկա հանդիսացող ապրանքների տեխնիկական վիճակի և այլ տվյալների (այդ թվում կիրառման ոլորտի) վերաբերյալ տեղեկատվությունը գրառում և ներկայացնում են լոտացուցակ` հիմք ընդունելով  վաճառողների կողմից տրամադրված տեղեկատվությունը:        

Եթե վաճառված ապրանքի փաստացի որակը կամ քանակը (հարգը, զանգվածը, թերությունները և այլն) չեն համապատասխանում վաղօրոք հայտարարվածին, ապա տուժող կողմերին պատճառած վնասները հատուցում է վաճառողը:

11.5 Լոտի ստացման պահեստային կամ այլ համապատասխան փաստաթղթերի ստորագրումից հետո գնորդը զրկվում է տվյալ լոտի վերաբերյալ վաճառողին բողոք ներկայացնելու իրավունքից:

11.6 Աճուրդի մասնակիցների միջև առաջացած վիճելի հարցերը կողմերի դիմումով կարգավորվում են աճուրդի նախագահի կողմից, իսկ չբավարարվելու դեպքում` Բորսայի արբիտրաժային հանձնաժողովում: Այդ մարմինների որոշումներով չբավարարվելու դեպքում, կողմերը կարող են պաշտպանել իրենց իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.7 Բորսան չի կրում պատասխանատվություն Դիլերների, Բրոքերների, ինչպես նաև վաճառողների և (կամ) գնորդների կողմից միմյանց հանդեպ ստանձնած  պարտավորությունների չկատարման կամ ոչ լիարժեք կատարման համար:

Թանկարժեք մետաղների բորսային գնանշում
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Ոսկի 585° 1 գր․11145.00 -31.67
Արծաթ 925° 1 գր․234.86 1.76
Պալլադիում 990° 1 գր․14534.34 101.68
Ռոդիում 950° 1 գր․16120.38 -18.29
Պլատին 950° 1 գր․11849.81 63.14
Թանկարժեք մետաղների միջազգային գնանշում (London fixing)
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Ոսկի 1 գր․20061.00 -57
Պլատին 1 գր․14638.00 78
Արծաթ 1 գր․267.00 2
Պալլադիում 1 գր․15437.00 108
Ռոդիում 1 գր․21158.00 -24
Գունավոր և սև մետաղների բորսային գնանշում
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Պղինձ 1 կգ․1782.00 11
Լատուն 1 կգ․1069.00 7
Ալյումին 1 կգ․359.00 3
Պողպատ 1 կգ․15.00 0
Թուջ 1 կգ․20.00 0
Մետաղների միջազգային բորսային գնանշում (London metal exchange)
Անվանում Միավոր Արժեք[AMD] Տ-մ
Պղինձ 1 կգ․3297.00 21
Ալյումին 1 կգ․1026.00 10
Նիկել 1 կգ․5639.00 -12
Կապար 1 կգ․1181.00 0
Անագ 1 կգ․9626.00 67